Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

MADE IN TURKEY (մաս 19-րդ)

MADE IN TURKEY (մաս 19-րդ)
12.09.2024 | 17:36

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին վեց՝ 2018-2024 թթ., տարիների պատմությունը)

ԳԼՈՒԽ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ

ԻՆՏԵՐՄԵԴԻԱ

(կամ` Հայաստանը կրկես է բաց երկնքի տակ)

2018-ի ապրիլին անակնկալ «խաղարկված» «մահվան» դեբյուտը կամ «արմագեդոնը» («նոկաուտ» համակարգով անցկացվող վճռորոշ պարտիա` «կայծակնային շախմատի» կանոններով) շարունակվեց նաև հետհեղափոխական Հայաստանում:

Ամենակուլ քաոսում ոչի՛նչ չկա, բացի ճվճվոցից, թրթռացող բաց նյարդից ու հետընթացից:

Հայաստանը, որ «թանգարան էր բաց երկնքի տակ», կայծակնային արագությամբ վերածվել է «կրկեսի»` բաց երկնքի տակ:

«Հնարամտության» զուգորդմամբ, զրպարտիչ գնահատականների, դեզինֆորմացիայի և պառակտիչ հայտարարությունների շաղախով հունցված, խաղային-էքսցենտրիկ, «հրաշակերպ» ու պատրանքային ինչպիսի՜ համարներ են ներկայացվում` ի ցույց դնելով գործող միակ «գեղարվեստական» կերպարի «մոնումենտալ» գաճաճությունն ու նողկալիությունը` իր ողջ «հմայքով» ու «շքեղությամբ»:

Օդում առկախված`

«Ո՞րն է սրա լրբությամբ փաթեթավորված ասելիքի «հիմնական առանցքը»,- հռետորական հարցի պատասխանը գրեթե չարենցյան է` իր հերոսական վսեմ պայքարն է տարփողում, ընդդեմ կործանվող, «հին» Հայաստանի:

Ինչպիսի՜ «փառահեղ» կրկես:

Տվյալ պարագայում, թերևս, մեղք է կոկիկ ու տարողունակ «կրկես» բառն օգտագործելը:

Սրա` hասարակախավի աչքերի և ունկերի համար խաղացած աննորմալ համարները, որ խճճված են սրտխառնոց ու գլխապտույտ առաջացնող հիշոց-ոռնոցներով, ճիշտ է միայն փողոցային սլենգում օգտագործվող «ցիրկ» բանաձևումով որակել:

«Աչքերը հառած անցյալին` ապագայի նժույգը նստած» Չարենցը 1929-ին` «Աքիլլե՞ս, թե՞ Պյերո» ինտերմեդիան գրելիս, 89-ամյա հեռվից, թերևս, հենց ա՛յս ողբերգական, շփոթ ժամանակներն է տեսել ու պատկերել մե՛ր օրերի «Պյերո»-ին, իմա` ծաղրածուին, գլխավոր հարցը, սակայն, ուղղելով ինքնակամ խուժանի վերածված խառնամբոխին.

- Ի՞նչ տեսաք այսօր բեմի վրա դուք.-

Մարդկային մի հոծ, անդեմ բազմություն,

Որ չնչին, գաճաճ առաջնորդների

Ղեկավարությամբ, անիմաստ ու կույր,

Ինչպես մի նախիր - գնում է անմիտ

Ինքն էլ չգիտե, թե ինչու՞ և ու՞ր…

2018-ի հեղաԽեղության ու նաև դրա հետևանքների հանճարեղ բնութագիր:

ՕՐԱԽՆԴԻՐ ՀԱՐՑ- Որքա՞ն են տևում կավե ոտքերով կուռքի, Չարենցը կասեր` «թղթե հերոսի», պաթետիկ ղժղժոցները:

ԱՊՐՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆ- Մինչև «կրկեսային» հաջորդ ներկայացում:

«Քայլող» միմոսը հիանալի գիտի` միայն ստամոքսով ու նյութականով գոյատևող լյումպենին շարժման մեջ դնող «որտեղ` հաց, էնտեղ` կաց» հմայախոսքերը երբ և ինչպես գործածել:

ՈՒ հաջորդ «ներկայացմանը» խոստանում է «քյաբաբ առ քյաբաբ» (հենց այդպես, չափազանցություն չկա` «քյաբաբ առ քյաբաբ») վերադարձնել Քոչարյանի, Սերժի, Սաշիկի, մյուսների` «ժողջանի» բերանից ապօրինաբար խլած «քյաբաբի» պատառը:

Հեշտ ձեռքբերվելիք, հյութեղ պատառի բուրմունքից արբածներն արդեն թուքն են կուլ տալիս:

Ի՜նչ վատ կրկես է, որ` հետհեղափոխական ամիսներին իբր վարչապետ ես աշխատում` շարունակում ես դատարկաբանել, խոստումներ շռայլել, հմայված հոգիներին «կերակրել» չեղած «քյաբաբով», իսկ ինքդ վայելել պահի ընձեռած թե՛ «քյաբաբ-խորովածն ու խաշլաման», թե՛ հեծանիվ «սանձել», հարկատուների հաշվին օգտվել հնարավոր բոլոր շքեղություններից, զուգահեռ էլ` իհարկե ո՛չ ճակատի քրտինքով «վաստակածդ» ոսկու տեսքով, պահ ես տալիս «Росбанк»-ին կամ աշխարհի մեկ այլ բանկի, որպես սև օրվա գոյատևման միջոց:

ՏԵՍԱՐԱՆՆԵՐ ԱՌԱՆՑ «ՀԱՑԻ»

Անցնում են օրերը, դառնում շաբաթներ, հետո ամիսներ, բա՞յց…

Ինքնակամ շուրջօրյա «կրկեսի» հանդիսատես դարձած լյումպենն ընդամենը թուքն է կուլ տալիս ու խանդավառված սպասում:

Չի՛ էլ մտահոգվում` հետհեղափոխական Հայաստանում էլ ինքն առանց «պատառի» մնաց, ո՛չ «քյաբաբ» կա, ո՛չ էլ «խոզի խորոված»:

- Ո՞նց չկա,- բղավում է անսպասելի հայտնված ատամնաթափ մի տիկին:- Էդ Սերժի ժամանակ էր, որ սոված քարշ էինք գալիս: Հիմա «խորովածի օր» էլ ունենք, «քյաբաի օր» էլ: Շրջիր փողոցներում դրված մանղալների միջով ու վայելիր հասանելիք պատառդ վարչապետի ընկերակցությամբ:

- Էնքա՜ն ախորժակով է ուտում մեր վարչապետը… Ո՛չ մի ձևականություն,- տիկնոջն ընդհատում է անլվա ցանցառ մորուքով այրն ու կուլ տալով բերանի վազող ջրերը, շարունակում,- վարչապետս մի ամբողջական լավաշի մեջ է քաշում շամփուրն ու…

- …չտեսավարի խոթում երախը,- զրույցին է խառնվում հեղափոխական օրերի «խումհարից» դուրս եկած ոմն:- Ի՜նչ էլ վարչապետ եք գտել:

- Неблагодарная тварь,- երգեցիկ ձայնով դժգոհողին անսպասելի ընդհատում է մարմնեղ, ցայտուն դիմահարդարանքով ռուսախոս տիկինը:-Это ты о ком? О варчапете?…

- Հա՛, Մարգո, հենց վարչապետիդ նկատի ունենք: Վաղը, մյուս օրը, երբ կհասկանաս, որ խոստացված հացից միայն տեսարաններն են մնացել, երբ կսկսես ատել «սրտիդ» վարչապետին, ա՛յ էդ ժամանակ կխոսեմ հետդ,- միջամտում է կիրթ արտաքինով մի տղամարդ:

- Размечтался,- բղավելով բռունցքներն է թափահարում Մարգոն թե Մարգարիտան, ակներևորեն փորձելով իր վրա հրավիրել շրջապատի ուշադրությունը,- я варчапета разлюблю только тогда, когда немой скажет глухому, что слепой видел как безногий ходил по воде!..

- Նախանձելի սիրո խոստովանություն, Մարգո՛… Երևում է ամուսնուդ ձեռնտու է, որ փնթիին «սիրես»:

- Да иди ты…,- և զրուցակցի յոթ պորտը խառնելով իրար «տղամարդավարի» հայհոյում է, լցրած «պռոշները» խորհրդային տարիների տոմսավաճառներին հատուկ շրթներկով գունավորած տիկինը:

- Եվ ի՞նչ արժի վարչապետիդ սիրելը,- լեզվակռիվը

թեժացնում է ակնհայտ «հաԳահեղափոխական» մի «դիշովկա»:

Սկսվում է քաշքշոց, ինչը փորձում են կանխել փողոցային մինի ներկայացման ակամա հանդիսատես դարձածները:

Դե ո՞նց չասես` ապրի՛ «քայլարած» վարչապետը:

Հետո՞ ինչ որ` ո՛չ «հաց» կա, ո՛չ էլ «քյաբաբ»:

Փոխարենը կա՛ վճարի դիմաց սեր խոստովանողների ու պարզապես «քյաբաբի» բուրմունքից ախորժակը գրգռված պահողների հսկայական մի բանակ` համալրված ճենճաբույր կանանցով, ատամնաթափ տղամարդկանցով, որ 100 դրամի դիմաց պատրաստ են սեր խոստովանելու անգամ սատանային:

Իսկ դուք, այսքանից հետո, դեռևս թերահավատ եք, թե` չի կարող պատահել:

Կպատահի, էն էլ ո՜նց:

Էլի՞ ապացույց:

Խնդրեմ:

Թող լյումպենը դատարկ խոստումներով կերակրվի, իսկ թագավորական պալատ տեղափոխված միմոսն առաջին տիկին դարձած կողակցի անմիջական կատարմամբ, օրինակ, ոչ թե «կոպեկ առ կոպեկ», այլ միանգամից…

Չէ՛, ստո՛պ, ամեն ինչ հերթով-կարգով:

«ՀԱՑԵԼԻՍ» ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է ՀԱՃԵԼԻՆ ԶՈՒԳԱԿՑԵԼ ԿԱՄԱՎՈՐ-ՊԱՐՏԱԴԻՐԻ ՀԵՏ

ՈՒրեմն, դեռևս 2008-ի մայիսից հիմնադրված «Իրատես» կոչվող հասարակական –քաղաքական մի թերթ կա, որ հակահեղափոխական գործունեություն է ծավալում հետհեղափոխական ողջ տարածքում:

Ազգայինն ու հոգևորը քիչ էր, նաև ընտանեկան արժեքներ է պրոպագանդում, վրադիր էլ` հայրենասիրություն ու հայրենատիրություն քարոզում:

Էս ամենը քիչ էր, սրանք երբեմն-երբեմն էլ լուրեր են հրապարակում, թե «թավիշի» հաղթանակից անմիջապես հետո առաջին տիկինը պերմանենտ կողոպուտով է զբաղվում:

Մի օր էլ սրանք գրեցին, թե «առաջին տիկին» կոչումն ապօրինաբար յուրացրած ու ՀՀ «First Lady» դարձած օբյեկտը «մեծ նախաձեռնությամբ» է հանդես եկել` որոշել է հետհեղափոխական մշակութային «անապատում» զարգացնել ո՛չ ավելի, ո՛չ պակաս` դասական երաժշտությունը:

Տիկինն իր «նորարարությունը» զուգորդել է «հնարամտությամբ»` ուսումնասիրել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակն ու որոշել այդ ցանկի առաջին 30 գործարարների համար առատ հյուրասիրություն կազմակերպել: Ինչպես կասեր նրա հանրաճանաչ ամուսինը` հրավիրել «հացելու»:

Հրավիրատոմսերի հետ 30 «ընտրյալներին» նաև հրահանգ է ուղարկվում «հացելու» ընթացքում հաճելին զուգակցել…

Այո՛, ճիշտ ընկալեցիք, կամավոր-պարտադիր սկզբունքով «մուծվել» մեր օրերի տիկին Սաշիկին:

Ինչքա՞ն:

Մեծ բան չէ` ընդամենը 70 հազար «տանձի կորիզ», իմա` դոլար:

Էս 30 «ըտրյալներից» մի քանի անշնորհք-ապերախտներ, զանգում են «Իրատեսի» խմբագրություն ու՞…

Ճիշտ եք, «գործ տալիս» խեղճ առաջին տիկնոջ վրա:

(շարունակելի)

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. 2018-ի ապրիլին ՀՀ-ում անակնկալ «խաղարկված» «մահվան» դեբյուտն ինչպե՞ս է կոչվում շախմատում:

2. «Թավիշն» ինչի՞ վերածեց Հայաստանը, որը «թանգարան էր բաց երկնքի տակ»:

3. Ո՞րն էր օրվա միմոսի լրբությամբ փաթեթավորված ասելիքի հիմնական առանցքը:

4. 2018-ի հեղաԽեղության ու նաև դրա հետևանքների բնութագիրն ըստ Չարենցի:

5. Ինչպե՞ս էր կոչվում հետհեղափոխական ողջ տարածքում հակահեղափոխական գործունեություն ծավալած լրատվամիջոցը:

6. ՈՒ՞մ և որքա՞ն պետք է «մուծվեին» ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին 30 գործարարները:

7. «Առաջին տիկին» կոչումն ապօրինաբար յուրացրած ու ՀՀ «First Lady» դարձած օբյեկտը պերմանենտ ինչո՞վ էր զբաղվում:

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 17749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ